,,Երկիր և մշակույթ,, կազմակերպության ,,Հավատք և ժառանգություն,, ամենամյա արշավը, նվիրված Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի հիշատակին, այս տարի տեղի ունեցավ սեպտեմբերի 11-12-ը Տավուշի մարզում: Արշավին մասնակցում էին ԵՄԿ 16 անդամներ:
Արշավականները նախ այցելեցին XIII դարի Բերդավան ամրոց: Այն գտնվում է սահմանամերձ Բերդավան գյուղի հարավ-արեւելյան կողմում: Հին ամրոցը հիմա էլ հայկական սահմանների լուռ պահապանն է: ,,Հավատք եւ ժառանգություն,, արշավի պատասխանատու Դավիթ Դավթյանը պատմեց ամրոցի մասին: Ամրոցի մոտ գտնվում է խոնարհված բազիլիկ եկեղեցի ու բազմաթիվ խաչքարերով գերեզմանատուն: ԵՄԿ անդամները մաքրեցին եկեղեցու խորանը, մասամբ նաև ներսը, որն ամբողջովին թփածածկ էր: Տեղացող անձրևի պատճառով հնարավոր չէր երկար աշխատել:


Հաջորդ կանգառը Մշկավանք XIII դարի վանքային համալիրն էր, որը գտնվում է Կողբ գյուղի մոտակայքում` բարձրադիր անտառապատ սարահարթի վրա: Տեղացող անձրևի տակ բեռնատարով վանքին հասնելը կրկնակի ոգևորություն ու խորհուրդ հաղորդեց արշավին: Մասնակիցները զարմացած էին լքված ու անմարդաբնակ վայրերում նման համալիրի գոյությամբ: Բարձրադիր սյուներն ու խաչքարերը վկայում էին կառուցողների ու միաբանների բարձր մշակույթի մասին:
Այցելությունը Ոսկեպար գյուղի Ս.Աստվածածին եկեղեցի` թե՛ բերկրանք էր, թե՛ պատասխանատվություն: Այն սահմանին շատ մոտ է, և հայ զինվորներն ուղեկալից զգուշացնում էին արևելյան կողմ չանցնելու մասին, որը ադրբեջանական բանակի դիտակետում էր: Եկեղեցին կարծես երկրի սահմանին հոգևոր սյուների գոյության խորհրդանիշը լիներ. բարձր, վեհ, անսասան, երկնախորհուրդ…


Արշավականների գիշերատեղին հյուրընկալ Աչաջուր գյուղն էր: Գյուղի մշակույթի տունը և հանդիպումները տեղի բնակիչների հետ վկայեցին հոգևոր ու մշակութային արժեքների նկատմամբ նրանց ունեցած յուրահատուկ վերաբերմունքի մասին: Սեպտեմբերի 12-ին ԵՄԿ անդամները եղան հայտնի Մակարավանքում (VII- XIII դդ.): Անտառի լռության մեջ վեր խոյացող, խաչքարերով, բարձրաքանդակներով ու արձանագրություններով հարուստ վանական համալիրն իր ամեն մի խորշում խորին մի խորհուրդ ուներ: Այն առավել իմաստավորվեց վանքի քահանա տեր Թորգոմի խոսքով: Վանքի ու տեղի ավանդազրույցների մասին նրա պատմածներն օգնեցին արշավականներին հաղորդակից դառնալ Մակարավանքի խորհրդին: Վանքի տարածքը բավական բարեկարգ էր, ուստի և մաքրության անհրաժեշտություն առանձնապես չէր զգացվում: Փոխարենն այնտեղ մի քանի օրվա հողային աշխատանքների կարիք կար:
Արշավականների հաջորդ կանգառն Ակնաղբյուր գյուղն էր, որտեղ գտնվում է Վարդան Մամիկոնյանի տնկած ծառը: Սրբատեղի դարձած, տապալված ու մոխրացած ծառի և նոր կառուցված մատուռի միջոցով երիտասարդները հաղորդակից էին դառնում հայ քրիստոնեական բազմադարյա արժեքներին: Վերջին կանգառը Լուսահովիտ գյուղն էր և Ծռվիզի Մորոձորո վանքի Ս. Աստվածածին եկեղեցին: Այն V դարի գմբեթավոր քառախորան մի եկեղեցի էր. ձորի եզրին գողտրիկ ծվարած մի գոհար:
Վատ եղանակի պատճառով չհաջողվեց լինել նախատեսված բոլոր վայրերում, բայց արշավականները վերադարձան Երևան` բավականության ու ոգևորության զգացումներով տոգորված: Հոգևոր արժեքներին հաղորդակցվելու և նախնյաց ժառանգությունը պահպանելու խորհուրդը բոցավառվել էր բոլորի հոգիներում: