“ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ” ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԲՈԼՈՐԻ ԱՄԱՆՈՐԸ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԸ

Posted December 27, 2011 by lcoarmenia
Categories: News

ԵՄԿ-Ն` ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Posted December 7, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպությունն իր գործունեությանը նվիրված լուսանկարներով մասնակցություն ունեցավ “Ես կամավոր եմ” ծրագրի շրջանակներում անցկացվող լուսանկարների ցուցահանդեսին:

Հայաստանում կամավորական շարժումը լուսաբանող ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ 2011թ.-ի դեկտեմբերի 6–ին Հայաստանի ազգային պատկերասրահի 3–րդ հարկում, որի ժամանակ հայտարարվեց նաև ծրագրի համանուն կայքի գործարկման մասին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը:

Ցուցահանդեսի մասին կարող եք կարդալ նաև այստեղ >>

ԵՄԿ-Ն ՄԱՍՆԱԿՑՈՒՄ Է “ԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԵՄ” ԾՐԱԳՐԻՆ

Posted November 29, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայ կամավորների միության հրավերով մասնակցում է “Ես կամավոր եմ” ծրագրին: Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ԵՄԿ անդամ Արայիկ Միլիտոսյանը ևս ընդգրկվել է ծրագրի աշխատանքային խմբի մեջ: Ծրագրի նպատակն է` նպաստել կամավորության  մշակույթի տարածմանը Հայաստանում:

“Ես կամավոր եմ” ծրագրին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ >>

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔ

Posted October 31, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպության անդամները, ԵՊՀ “Վարդանանք” ՌՀԴԱ-ի հետ միասին, 2011թ.-ի հոկտեմբերի 22–ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտի` Մատենադարանի տնօրինության հրավերով հյուրընկալվեցին Մատենադարանում` նորակառույց մասնաշենքը և ներկայացված ցուցանմուշները տեսնելու: Այցելուները բավական տպավորված էին ժամանակի պահանջներին համահունչ նորակառույց մասնաշենքի հարմարություններով և միջնադարյան ձեռագիր գոհարների նորովի ցուցադրությամբ:

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ

Posted September 30, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության հրավերով 2011թ.-ի սեպտեմբերի 24–ին “Անի” հյուրանոցում մասնակցեց հայ-թուրքական հարաբերությունների շուրջ համաքաղաքային քննարկումներին: Մի շարք ՀԿ-ների և միությունների հետ համատեղ համակողմանիորեն քննարկվեցին հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարի տարբեր սցենարներ:

ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ԵՂՎԱՐԴԻ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ

Posted August 16, 2011 by lcoarmenia
Categories: News

Կապանի տարածաշրջանի Եղվարդ գյուղում 2011թ.-ի օգոստոսի 20-ին տեղի ունեցավ “Երկիր և մշակույթ” կազմակերպության կողմից վերանորոգված Ս. Աստվածածին եկեղեցու վերաբացման հանդիսավոր արարողությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ >>

ԵՄԿ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Posted August 16, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում 2011թ.-ի օգոստոսի 15-ին տեղի ունեցավ ԵՄԿ վարչության նիստ: Քննարկվեցին ընթացիկ մի շարք հարցեր: Կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը ներկայացրեց նախորդ ամիսների ընթացքում ԵՄԿ ձեռքբերումները և բացթողումները: Վերլուծվեցին կազմակերպության առկա խնդիրները: Քննարկման ընթացքում վարչության անդամները հանդես եկան տարբեր առաջարկություններով:

ԵՄԿ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ

Posted August 13, 2011 by lcoarmenia
Categories: News

 “Երկիր և մշակույթ” բարեգործական հասարակական կազմակերպության երևանյան գրասենյակում օգոստոսի 11-ին տեղի ունեցավ կազմակերպության հերթական ժողովը: Ողջունելով ԵՄԿ անդամներին և հրավիրված հյուրերին` կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանն ընդգծեց ԵՄԿ ձեռքբերումներն անցած մեկուկես տարվա ընթացքում, խոսեց առաջիկա անելիքների մասին:  Նա շեշտեց, որ ԵՄԿ-ն գրեթե յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ կամ մի քանի միջոցառում է իրականացնում Հայաստանում և փորձում կլոր տարին ակտիվ պահել իր կամավորներին: ԵՄԿ անցկացրած մեծ ու փոքր ծրագրերի արդյունքում կրկնապատկվել է ԵՄԿ անդամների և կամավորների թիվը, ինչպես նաև ավելացել կազմակերպության աջակիցների ու ծրագրերով հետաքրքրվողների թիվը: Նախագահն իր խոսքում չշրջանցեց նաև ԵՄԿ-ում առկա խնդիրները և կարևորեց դրանց շուտափույթ լուծման անհրաժեշտությունը: Ապա ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմեն Քեշիշյանը տեսաշարով ներկայացրեց և մանրամասնեց կազմակերպության 2010-2011 թթ. իրականացրած ծրագրերը: Դրանք կրթական ու մշակութային տարբեր միջոցառումներ են, արշավներ, հանդիպում-քննարկումներ, հանրային դասախոսություններ, դասընթացներ: Հարկ է նշել, որ վերջիններից հատկապես լայն արձագանք է գտել դասական ուղղագրության, գրաբարի և այլ անվճար դասընթացների անցկացումը: Հյուրերին և կազմակերպության նոր անդամներին տեսաշարով ներկայացվեց նաև “Երկիր և մշակույթ”-ի  անցած ուղին` հիմնադրման օրից մինչ այժմ:

Այնուհետև ելույթ ունեցավ ԵՄԿ վարչության անդամ Արմեն Կարապետյանը: Նա իր գոհունակությունն արտահայտեց կազմակերպության իրականացրած ծրագրերի վերաբերյալ` նշելով, որ նման ակտիվությունը նախանձելի է և օրինակ կարող է ծառայել շատերի համար: ԵՄԿ կատարած աշխատանքի վերաբերյալ բարձր կարծիք արտահայտեց նաև ժողովին հրավիրված ԵՄԿ/ԱՄՆ-ի վարչության անդամ Նազարեթ Գևոնյանը: Նա հավաստեց, որ քսան տարվա պատմություն ունեցող հայաստանյան կազմակերպությունը վերջին մեկուկես տարվա ընթացքում էլ ավելի է ակտիվացել և աշխատում է թափանցիկ` իր կատարած գործերը բլոգում լուսաբանելով:

Ի դեպ, հիշեցնելով, որ “Երկիր և մշակույթ” համազգային կազմակերպությունն իր հիմնադրման օրից սկսած ծրագրեր է իրականացրել տարբեր պետությունների սահմաններում հայտնված Պատմական Հայաստանի մի շարք շրջաններում` նա ուրախությամբ տեղեկացրեց, որ ԵՄԿ-ն այժմ ծրագրի է մասնակցում նաև Արևմտյան Հայաստանում:

ԵՄԿ ճամբարներում իր ունեցած հաջող փորձառությամբ և տպավորություններով կիսվեց ամերիկահայ կամավոր Արուսյակ Մարգարյանը, ով մասնակցել է 2005 թ. ԵՄԿ ծրագրերին: Ժողովին ներկա էին նաև Ռուսաստանից ժամանած հյուրեր, որոնք բավական տպավորված էին կազմակերպության ներկայացված ծրագրերով և սիրով հանձն առան “Երկիր և մշակույթ”-ի ծրագրերի մասին տեղեկություն տարածել Ռուսաստանում ՀՀ դեսպանատան կիրակնօրյա դպրոցի միջոցով: Ժողովի վերջում ներկաների կողմից հնչեցին տարբեր հարցեր և առաջարկություններ: Կազմակերպության մի շարք անդամների հանձնվեցին անդամատոմսեր:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅՐ ԲԱԲԿԵՆ ՍԱԼԲԻՅԱՆԻ ՀԵՏ

Posted August 11, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության երևանյան գրասենյակում օգոստոսի 11–ին տեղի ունեցավ հանդիպում Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն Սալբիյանի հետ: Հանդիպմանը ԵՄԿ-ից ներկա էին նախագահ Գևորգ Յաղջյանը և վարչության անդամներ: Քննարկվեցին Ջավախքին առնչվող ծրագրերում ԵՄԿ հետագա մասնակցության հետ կապված հարցեր: Հիշեցնենք, որ դեռևս 2002թ.-ին Հայաստանի “Երկիր և մշակույթի” կողմից ցանկապատվել է Ախալքալաքի Ս. Խաչ եկեղեցու տարածքը, որի արդյունքում եկեղեցու բակը բավական բարեկարգ տեսք է ստացել:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ “ԵՐԻՏԱՍԱՐԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ” ԾՐԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Posted August 5, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” և “Դեպի Հայք” կազմակերպությունների երևանյան գրասենյակների ընդհանուր սրահում օգոստոսի 5-ին տեղի ունեցավ հանդիպում Սփյուռքի նախարարության «Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց» ծրագրի մասնակից սփյուռքահայ երիտասարդների հետ: Վերջիններս ուրախ էին ծանոթանալ սփյուռքահայերի հետ աշխատող կազմակերպությունների գործունեությանն ու ծրագրերին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ սփյուռքի փոխնախարար Վարդան Մարաշլյանը: Նա կարևորելով և դրական գնահատելով “Դեպի Հայք” և “Երկիր և մշակույթ” կազմակերպությունների ծավալած գործունեությունը` հանդիպման մասնակիցներին ներկայացրեց նրանց ղեկավարներին:

 “Դեպի Հայք” կազմակերպության գործադիր տնօրեն Սևան Կաբակյանը խոսեց իրենց ծրագրերի մասին, ընդգծելով` Հայաստանում սփյուռքահայ կամավորներների մասնակցությունը գրեթե բոլոր ոլորտներում: Իրենց տպավորություններով կիսվեցին նաև ծրագրերին արդեն մասնակցած սփյուռքահայ երիտասարդներ: (“Դեպի Հայք” հիմնադրամի ծրագրերին կարող եք ծանոթանալ այստեղ >>)

Ապա հանդես եկավ “Երկիր և մշակույթ” կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը: Նա ներկայացրեց կազմակերպության խնդիրներն ու նպատակները, անդրադարձավ սփյուռքահայերին հայրենիքի հետ կապող կոնկրետ քայլերին: Այնուհետև ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմեն Քեշիշյանը տեսաշարով ներկայացրեց և մեկնաբանեց “Երկիր և մշակույթ” կազմակերպության անցած ուղին և իրագործած ծրագրերը: Ներկաները մի շարք հարցեր ուղղեցին հանդիպման բանախոսներին:

“Երիտասարդ առաջնորդների ամառային դպրոց” ծրագրի մասին կարող եք կարդալ այստեղ >>

ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ

Posted July 10, 2011 by lcoarmenia
Categories: News

 “Երկիր եւ մշակոյթ,, կազմակերպութեան հայաստանեան գրասենեակում Յուլիսի 9-ին տեղի ունեցաւ 2011թ.-ի Յունուար-Փետրուար ամիսներին ԵՄԿ-ի եւ Փարիզի “Մաշտոց” հայ լեզուի պաշտպանութեան միութեան համատեղ կազմակերպած դասական ուղղագրութեան անվճար դասընթացի աւարտական վկայագրերի հանդիսաւոր յանձնումը: Ողջունելով Փարիզի “Մաշտոց” միութեան նախագահ, Սորբոնի համալսարանի պրոֆեսոր, հայագէտ Հիլդա Գալֆայեանին եւ դասընթացի մասնակիցներին` ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմէն Քէշիշեանը խօսեց անցկացուած դասընթացի յաջող ընթացքի եւ գոհացուցիչ արդիւնքների մասին` շնորհակալութիւն յայտնելով դասախօս Մարօ Խաչատրեանին` դասընթացը մեծ յաջողութեամբ վարելու համար:

 Պրոֆեսոր Հիլդա Գալֆայեանն իր ելոյթում կարեւորեց դասական ողղագրութեան իմացութեան անհրաժեշտութիւնը եւ ողջունեց դասընթացի մասնակիցների շահագրգռուածութիւնը` ձեռք բերած նոր գիտելիքների հանդէպ: Այնուհետեւ Հիլդա Գալֆայեանը Փարիզի “Մաշտոց” միութեան կողմից հանդիսաւորութեամբ դասընթացի 14 մասնակիցներին յանձնեց աւարտական վկայագրերը: Դասընթացը վարող դասախօս Մարօ Խաչատրեանն իր հերթին ուրախութեամբ նշեց, որ բոլոր մասնակիցները յաջողութեամբ են յանձնել դասընթացի աւարտական գրաւոր աշխատանքները: Վերջում ներկաները մի շարք հարցեր ուղղեցին հանդիպման յարգարժան հիւրին` պրոֆեսոր Հիլդա Գալֆայեանին:

ԵՄԿ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Posted July 4, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության կամավորները հունիսի 28-30-ը մասնակցեցին Երևանի պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած Պլաստիկ, վերականգնողական և էսթետիկ վիրաբուժության հայկական ասոցիացիայի 3-րդ միջազգային համաժողովին, որին մասնակցում էին լավագույն պլաստիկ վիրաբույժները աշխարհի տարբեր ծայրերից: Բժշկագիտության այդ ասպարեզի վերջին նվաճումների հանդեպ հետաքրքրություն դրսևորած և օտար լեզուների տիրապետող ԵՄԿ կամավորները համաժողովի աշխատանքների երեք օրերի ընթացքում պատրաստակամ էին անհրաժեշտության դեպքում որպես ուղեկցորդ կամ թարգմանող օգնել հյուրերին: ԵՄԿ-ին վերջերս կամավորագրված որոշ երիտասարդների համար դա առաջին կամավորական փորձն էր: ԵՄԿ կամավորներն իրենց նպաստը բերեցին օտարերկացի բժիշկների հետ փոխադարձ շփման ու հաղորդակցման ասպարեզում` նրանց նաև տեղեկություններ հաղորդելով Հայաստան աշխարհի բացառիկ մշակութային արժեքների մասին: Միասին այցելեցին “Գաֆէսճեան թանգարան”, Երևանի գինու և կոնյակի գործարան և այլն:    Միջազգային համաժողովը նախագահում էր բժշ. գ. թ., դոցենտ, Հայաստանի “Երկիր և մշակույթ” կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը:
Համոզված ենք, որ հյուրերը գոհ և տպավորություններով լի վերադարձան իրենց հայրենիք` կրկին անգամ Հայաստան այցելելու ակնկալիքով:
Միջազգային համաժողովի մասին կարող եք տեղեկանալ նաև այստեղ >>

ՀԱՆԴԻՊՈՒՄ-ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ ՀԵՏ

Posted June 2, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության երևանյան գրասենյակում հունիսի 1-ին տեղի ունեցավ հանդիպում ճանաչված քաղաքագետ, “Մոդուս վիվենդի” կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի հետ: Բանախոսության թեման էր «Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի իրագործման հնարավորությունները ներկայումս»: Ներկայացնելով հարգարժան հյուրին` ԵՄԿ ծրագրերի պատասխանատու Արմեն Քեշիշյանը նշեց, որ նախկինում թերևս շատերը գիտեին Վիլսոնի իրավարար վճռի մասին, բայց վերջինիս անբեկանելիության և իրավական ուժը ներկայումս պահպանելու փաստին հանրությունը տեղեկացավ Արա Պապյանի մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում: Ի դեպ նա ԵՄԿ անդամներին և հյուրերին հիշեցրեց նաև, որ Կանադայում ՀՀ դեսպան եղած ժամանակ պրն. Պապյանը 2004 թ.-ին մեծապես աջակցել է ԵՄԿ ծրագրերի շնորհանդեսի կազմակերպմանն այդ երկրում (ցուցադրվեցին շնորհանդեսին վերաբերող կադրեր):
Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կայացման պատմությունը ներկայացնելուց հետո` Արա Պապյանը հանգամանորեն ուղենշեց ներկայումս դրա իրագործման հնարավոր ճանապարհները: Նա հատկապես ընդգծեց, որ միջազգային իրավունքի մի շարք անկախ և անվանի մասնագետներ ևս հաստատել են Վիլսոնի իրավարար վճռի անբեկանելի լինելու հանգամանքը և իբրև այդ վճռի իրագործման առաջին քայլ` խիստ կարևոր է միջազգային դատարաններին դիմելը:

Բանախոսը նաև ներկայացրեց վերջերս տպագրված իր “ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը – ամբողջական զեկույցը” գիրքը, որն այդ վճռի բնագիրն է և ամբողջությամբ հրատարակվում է առաջին անգամ:
Հանդիպման վերջում ներկաները բազմաթիվ հարցեր ուղղեցին բանախոսին. ծավալվեց բուռն քննարկում: Միջոցառմանը հրավիրված էին նաև մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ` “Երիտասարդություն” ՀԿ-ից, “Երիտասարդ առաջնորդների դպրոցից”, “Երիտասարդ թուրքագետների ակումբից” և այլն:
Վիլսոնի իրավարար վճռի մասին հանգամանորեն կարդացեք այստեղ >>

ՅԱՆՁՆՈՒԵՑԻՆ ԳՐԱԲԱՐԻ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՒԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԸ

Posted May 25, 2011 by lcoarmenia
Categories: News

«Երկիր եւ մշակոյթ» կազմակերպութեան հայաստանեան գրասենեակում 2011թ.-ի Մայիսի 24-ին տեղի ունեցաւ գրաբարի երկամսեայ անվճար դասընթացի աւարտական վկայագրերի հանդիսաւոր յանձնումը: Ողջունելով դասընթացի մասնակիցներին` ԵՄԿ Հայաստանի նախագահ Գեւորգ Եաղջեանը նշեց դասընթացի ոգեւորող արդիւնքների մասին, կարեւորեց հայ ժողովրդի եւ հայ պետականութեան համար մայրենի լեզուի եւ նրա ակունքների պահպանման խնդիրը, ինչն ըստ էութեան անհնար է իրագործել առանց գրաբարն ուսումնասիրելու, այն իւրացնելու եւ յաջորդ սերունդներին փոխանցելու: Գեւորգ Եաղջեանն իր դրուատանքի խօսքն ուղղեց ծրագրի մասնակիցներին եւ պատասխանատուներին. նա առանձնակի շնորհակալութիւն յայտնեց դասընթացը վարող, ԵՊՀ դասախօս Գարիկ Մկրտչեանին, ով ոգեշնչուած 2011 թ. Յունուար-Փետրուար ամիսներին ԵՄԿ-ում անցկացուած դասական ուղղագրութեան անվճար դասընթացով` ինքնակամ յանձն առաւ վարել գրաբարի երկամսեայ անվճար դասընթացը: ԵՄԿ նախագահը կազմակերպութեան անունից շնորհակալագիր յանձնեց Գարիկ Մկրտչեանին` յոյս յայտնելով, որ հովանաւոր գտնելու պարագայում կը յաջողուի դասընթացը շարունակական դարձնել եւ նրանում էլ աւելի մեծ թուով մարդկանց ներգրաուել:

                                                                       ԵՄԿ վարչութեան անդամ Վալենտինա Ադամեանը հրապարակեց գրաբարի դասընթացի 25 մասնակիցների անունները, որից յետոյ աւարտական վկայագրերը հանդիսաւորութեամբ նրանց յանձնեցին ԵՄԿ նախագահ Գեւորգ Եաղջեանը եւ կազմակերպութեան վարչութեան անդամ, ծրագրերի պատասխանատու Արմէն Քէշիշեանը: Վերջինս նաեւ յատուկ շնորհակալութիւն յայտնեց դասընթացի մասնակից Անի Բեյթ Մովսէսին` իւրաքանչիւր դասից առաջ մասնակիցներին պարապմունքների ելեկտրոնային տարբերակները տրամադրելու համար:

Հրապարակելով գրաբարի դասընթացի աւարտական գրաւոր աշխատանքների արդիւնքները` Գարիկ Մկրտչեանը նշեց, որ գրաբար իմանալ նշանակում է յաղորդակից դառնալ մեր նախնեաց գրաւոր ժառանգութեանը եւ իբրեւ մասնագէտ սեփական անձը առաուել ամուր հիմքերի վրայ կառուցել: Այս կարծիքին էին նաեւ դասընթացի 25 մասնակիցները, ովքեր երկու ամիսների կարճ ժամանակայատուածում կարողացան գովելի արդիւնքներ դրսեւորել նման բարդ ասպարէզում: Մասնակիցները մէկ առ մէկ ներկայացրին գրաբարի դասընթացին իրենց մասնակցութեան շարժառիթները: Նրանք հաւատացած էին, որ անկախ իրենց մասնագիտութիւնից, այստեղ ձեռքբերուած գիտելիքներն անհրաժեշտ կիրառում կը գտնեն իրենց յետագայ կեանքում` եւ որպէս հայ մարդ, եւ որպէս լիարժեք մասնագէտ: Դասընթացի ակտիւ մասնակից Արմէն Սարգսեանը ողջ խմբի անունից գոհունակութիւն յայտնեց դասընթացի յաջող արդիւնքների համար` շնորհակալութիւն յայտնելով դասընթացը վարող Գարիկ Մկրտչեանին, կազմակերպող Արմէն Քէշիշեանին եւ ողջ ԵՄԿ-ին:

ԵՄԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Posted May 25, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության հայաստանյան գրասենյակում 2011 թ.-ի մայիսի 24-ին տեղի ունեցավ ԵՄԿ վարչության նիստ: Նիստում լսվեցին Հայստանի ԵՄԿ 2011 թ.-ի հունվար-մայիս ամիսներին կատարված աշխատանքների հաշվետվությունները, ապա ներկայացվեցին առաջիկա ծրագրերը: Նիստի որոշմամբ 2011 թ.-ի ամառային արշավների պատասխանատու ընտրվեց այդ ոլորտում մեծ փորձ ունեցող Երեմ Հովհաննիսյանը: Նիստին մասնակցում էր նաև ԵՊՀ գրաբարի դասախոս, ԵՄԿ անդամ Գարիկ Մկրտչյանը, որը ԵՄԿ-ում մեծ հաջողությամբ վարեց գրաբարի անվճար դասընթացը: Դասընթացի դրական արդյունքներով ոգևորված` ԵՄԿ նախագահ Գևորգ Յաղջյանը խոսեց այն շարունակական դարձնելու անհրաժեշտության մասին: Այնուհետև ԵՄԿ վարչության անդամ Արմեն Քեշիշյանը ներկայացրեց ԵՄԿ գրասենյակում անցկացվելիք առաջիկա միջոցառումների ամփոփ նկարագիրը:

 

ԳՐԱԲԱՐԻ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑ

Posted March 9, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր եւ մշակոյթ” կազմակերպութեան երեւանեան գրասենեակում Մարտի 5-ին մեկնարկեց գրաբարի անվճար դասընթացը: Այն վարում է Երեւանի պետական համալսարանի դասախօս Գարիկ Մկրտչեանը: Դասընթացին մասնակցել ցանկացողների թիւն այնքան մեծ էր, որ բոլորին ներգրաւելու նպատակով նախապէս ծրագրուած մէկ խմբի փոխարէն ձեւաւորուեց երկուսը: Խմբերում ընդգրկուել են ինչպէս բանասէրներ, այնպէս էլ հին հայերենի հետ կարծէս թէ անմիջական առնչութիւն չունեցող մասնագէտներ. նախնեաց լեզուին տիրապետելու ձգտումը մէկտեղել է ուսանողների, լրագրողների, բժիշկների եւ այլն: Սա գալիս է ապացուցելու, որ գրաբարի իմացութիւնը ոչ թէ նեղ մասնագիտական պահանջ է, այլ սեփական ակունքներն ընկալելու, մայրենի միջնադարեան գրաւոր ժառանգութեանը հասու լինելու գիտակցուած քայլ: Մասնակիցների հաւաստմամբ այն կ’օգնի նաեւ ճիշդ ընկալելու եկեղեցական պատարագների ու ծէսերի ժամանակ գրաբարով հնչող խօսքը: Դասընթացը երկամսեայ է, շաբաթը երկու պարապմունք. վերջում մասնակիցները կը ստանան վկայականներ:

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Posted March 8, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր և մշակույթ” կազմակերպության երևանյան գրասենյակում մարտի 8-ին տեղի ունեցավ հանդիպում Արցախի պետական համալսարանի պատմաքաղաքագիտական ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մի խումբ ուսանողների հետ, որոնք Երևանում էին «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ ծրագրով: Նրանք համացանցի միջոցով տեղեկանալով ԵՄԿ երևանյան գրասենյակում անցկացվող միջոցառումների մասին` ցանկություն էին հայտնել տեղում ծանոթանալ ԵՄԿ Հայաստանի գործունեությանը և ծրագրերին: Հանդիպմանը ներկա աղջիկների մարտի 8-ը ԵՄԿ կողմից շնորհավորելուց հետո` հյուրերին ներկայացվեց ԵՄԿ Հայաստանի 21-ամյա գործունեությունը և երևանյան գրասենյակում անցկացվող ընթացիկ միջոցառումները: Քննարկվեցին Արցախի երիտասարդության համար ԵՄԿ կողմից ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Հյուրերին հատկապես հետաքրքրեց ԼՂՀ-ում կամավորական սկզբունքով ԵՄԿ Հայաստանի անդամ մասնագետների կողմից օտար լեզուների և այլ մասնագիտությունների խորացված ուսուցման հնարավորությունը: Նրանք պատրաստակամություն հայտնեցին մասնակցելու և նպաստելու Արցախում ԵՄԿ նման ծրագրերի իրականացմանը:

ԵՄԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Posted March 4, 2011 by lcoarmenia
Categories: News

“Երկիր եւ մշակույթ” կազմակերպության հայաստանյան գրասենյակում մարտի 4-ին  տեղի ունեցավ ԵՄԿ վարչության նիստ: Քննարկվեցին ԵՄԿ Հայաստանի ընթացիկ գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Նիստում գրավոր ներկայացվեց ԵՄԿ կատարած աշխատանքն անցած ամիսների ընթացքում և ողջունվեց անցկացվելիք գրաբարի անվճար դասընթացը: Կազմակերպության նախագահ Գևորգ Յաղջյանը նշեց ԵՄԿ առաջիկա անելիքները: Նա նաև ներկայացրեց Սբ. Գեղարդավանքի երգչախմբի հետ ԵՄԿ համագործակցության և երգչախմբի ղեկավար, արվեստաբան Մհեր Նավոյանի հետ իր ունեցած հանդիպման մանրամասները: Նիստում որոշվեց ԵՄԿ երևանյան գրասենյակում հանդիպում-բանախոսություն կազմակերպել վերջինիս հետ, որի ընթացքում ելույթ կունենա նաև Սբ. Գեղարդավանքի երգչախումբը:

Նիստին նաև ԼՂՀ-ից մասնակցում էր ԵՄԿ վարչության անդամ Վիգեն Խաչատրյանը, որը նիստում ներկայացված ԵՄԿ նոր ծրագրերը կյանքի կոչելու ուղիներ առաջարկեց: Խոսքը մասնավորապես ԵՄԿ վարչության կողմից հաստատված “Հայաստանի միասնական վերջին թագավորության վերջին սպարապետի տապանի և Մարմաշենի վանքի փուլային վերականգնման ծրագրի” մասին է, որը նիստում ներկայացրեց ԵՄԿ վարչության անդամ Արմեն Քեշիշյանը: Նիստը նաև վերահաստատեց ԵՄԿ անդամակցության կարգը և որոշում կայացրեց կազմակերպության մի շարք նոր անդամների ընդունելության մասին` համաձայն իրենց գրավոր դիմումների:

ԵՄԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԵՎՈՐԳ ՅԱՂՋՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀՀ ՊՆ «ԴՐԱՍՏԱՄԱՏ ԿԱՆԱՅԱՆ» ՄԵԴԱԼՈՎ

Posted February 25, 2011 by lcoarmenia
Categories: News

 

2011 թ.-ի փետրվարի 23-ին յուրատեսակ միջոցառում էր կազմակերպվել Երևանի պետական բժշկական համալսարանում:

Ավանդաբար նշվող «Հայրենիքի պաշտպանի» օրը հատկապես յուրահատուկ դարձավ բժշկական համալսարանի դահլիճում արցախյան ազատամարտի մասնակից Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմ և խաղաղություն» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումով:

Հանդիսությանը ներկա ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Գևորգ Յաղջյանին հանձնեց ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» մեդալ՝ արցախյան հերոսամարտի և հետպատերազմյան տարիների ընթացքում իրականացրած նշանակալի ծառայությունների ու բարձր առաքելության համար: Հանդիսությանը ներկա էին նաև ԵՄԿ անդամներ և կամավորներ:

ԵՄԿ-Ն ՀՐԱՎԻՐՎՈՒՄ Է «ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՔՆՆԱՐԿՄԱՆԸ

Posted February 20, 2011 by lcoarmenia
Categories: News

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մեծ դահլիճում փետրվարի 23-ին, ժ. 15.00-ին, տեղի կունենա հանդիպում «Պատերազմ և խաղաղություն» ֆիլմի ռեժիսորի և դերակատարների հետ, այնուհետև կցուցադրվի ֆիլմը: Մուտքն ազատ է:

Ֆիլմն ստացել է հետևյալ մրցանակները.

  1. «Թրայբեքա» կինոփառատոն, Նյու Յորք.  “Լավագույն նոր վավերագրող” մրցանակ:
  2. «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն. “Լավագույն միջազգային վավերագրական ֆիլմ” մրցանակ:
  3. Կինոքննադատների միջազգային  ֆեդերացիայի մրցանակ /ՖԻՊՐԵՍԿԻ/:
  4. Ամստերդամի միջազգային վավերագրական ֆիլմերի փառատոն /ԻԴՖԱ/: Նոմինացիա Ջորիս Իվենթ մրցանակի համար:
  5. Մեխիկոյի միջազգային կինոփառատոն. Ժյուրիի հատուկ մրցանակ:
  6. «Տրիեստե» կինոփառատոն. Հանդիսատեսի մրցանակ:
  7. «Դոկավիվ» փառատոն. Հատուկ մրցանակ:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել այստեղ >>


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 45 other followers